hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Գ. ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

‹‹Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց›› հիմնադրամի պատմությունը


Մայրաքաղաք Երևանի Կենտրոն համայնքի Կորի (Կրիվոյ) 55 հասցեում է գտնվում Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոցը:
Դպրոցը հիմնադրվել է 1937 թվականին: Եղել է արական դպրոց:
Մեծ հայրենականի տարիներին ծառայել է որպես հոսպիտալ, 1945 թվականից՝ միջնակարգ դպրոց: Ի սկզբանե կոչվել է սովետական պետական գործիչ Կ. Վորոշիլովի անվամբ, իսկ հետո վերանվանվել է պրոֆեսոր Շավարշյանի անվամբ:
1983 - 1984 ուստարում այս հինավուրց շենքում իր կրթական գործունեությունը սկսեց նորաբաց ուսման մի դարբնոց, որը կոչվեց թիվ 182 ռուսական միջնակարգ դպրոց:
1993 - 1994 ուստարվանից դպրոցում կրթությունը իրականացվում է մայրենի լեզվով:
1997 - 1998 ուստարվանից դպրոցը իրականացնում է ռուսերենով խորացված կրթություն:
1999 թվականի դեկտեմբերին դպրոցը անվանակոչվեց 20-րդ դարի հայ նշանավոր բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Գևորգ Էմինի անվամբ:
2010 թվականին կառավարության որոշմամբ դպրոցը վերակազմավորվեց որպես առանձին գործող ավագ դպրոց: Եվ այն սկսեց կերտել իր նոր պատմությունը:
2010 - 2011 ուստարում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Ռուզաննա Ալավերդյանը, իսկ 2011 թվականից ստանձնում է դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնը:


Իր ստեղծման օրվանից դպրոցը շարունակում է կատարել իր բարձր առաքելությունը՝ մատաղ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը, լիիրավ մարդու և պետության քաղաքացու կերտումը:
2011 թվականի հունիսի 6-ին «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի և «Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց» ՊՈԱԿ–ի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր:
2012 թվականից դպրոցը «Դպրոց - կենտրոն» իրավաբանական անձանց միության անդամ է:
2014 թվականի սեպտեմբերի 4-ի 1010-Ա կառավարության որոշմամբ «Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի`անցնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածության ներքո, որը պատրաստ է քայլեր ձեռնարկել` դպրոցն ավելի մրցունակ և արդիական դարձնելու ուղղությամբ:
2014 թվականի սեպտեմբերի 4-ի 1010-Ա կառավարության որոշմամբ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Ռուզաննա Ալավերդյանը:
ՀՀ վարչապետի 2015 թվականի Մարտի 9-ի N166-Ա որոշմամբ հաստատվեց «Երևանի Գևորգ Էմինի անվան N182 ավագ դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կաղմը` բաղկացած 7 անդամից:
2015 թվականի ապրիլի 1-ին կայացավ հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
2015 թվականի ապրիլի 9-ին Հոգաբարձուների խորհրդի կայացած նիստի թիվ 7 որոշմամբ «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի տնօրեն նշանակվեց Ռուզաննա Ալավերդյանը:
2015 թվականի հունվարի 23-ին մեծ շուքով դպրոցում բացվեց «Պատանի երկրապահ» ակումբը:
2015 թվակաին փետրվարի 19-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Գևորգ Էմինի անվան N182 ավագ դպրոց» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր:
Դպրոցը մասնակցել է տարբեր կրթական ծրագրերի:
2015 թվականին դպրոցն ընդգրկվել է «Սոցիալական մեդիա և թվային գործիքների կիրառումը ուսումնական գործընթացում» միջազգային ծրագրի փորձարարական փուլում:
2017 թվականից դպրոցն ընդգրկվել է «Հեռավար ուսուցում» փորձնական ծրագրում և իրականացնում է աշխատանքներ Արարատի մարզի Նոյակերտի և Արագածոտնի մարզի Լեռնարոտի միջնակարգ դպրոցների հետ:
2017 թվականից դպրոցն ընդգրկվել է ԴԿՄ ԻԱՄ-ի կողմից իրականացվող «Ժողովրդավարության մշակույթ թվային դարում» Եվրոպայի Խորհրդի դրամաշնորհային ծրագրում:
Տարեցտարի ավելանում է դպրոցում սովորել ցանկացող աշակերտների թիվը: Դպրոցի հին շենքի պատերը հարազատ են դառնում այստեղ իր ուսումնառությունը սկսող յուրաքանչյուր սովորողի համար: Դպրոցի մանկավարժական կուռ կոլեկտիվը չի ընկրկում ժամանակի մարտահրավերների և դժվարությունների առջև, ընդհակառակը, դժվարությունները ավելի են կոփում: Եվ օր օրի նրանք կերտում են դպրոցի պատմությունը՝ ձգտելով միշտ դեպի վեր, դեպի նորանոր բարձունքներ, չբավարարվելով ձեռքբերումներով: Կերտել ապագայի լիարժեք մարդ՝ այս նպատակի իրագործմանն է ուղղված կրթօջախի յուրա քանչյուր մանկավարժի աշխատանքը:


Վաստակաշատ մանկավարժական կոլեկտիվը կրթել, դաստիարակել է բազում սաների, որոնցից շատերը դարձել են անվանի լրագրողներ, դերասաններ, պետական գործիչներ, երգչուհիներ, զինվորականներ, բժիշկներ:
Այսօր էլ մեր աշակերտության մեջ կան շատ տաղանդավոր սովորողներ, որոնք դեռ հնչեցնելու են Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի անունը:
Դպրոցն ունի ակտիվ գործող աշակերտական խորհուրդ, որն էլ ստեղծել է դպրոցի հիմնը և դրոշը:
Դպրոցի շրջանավարտները հետագայում էլ շարունակում են սերտորեն կապված մնալ իրենց հարազատ կրթօջախի հետ:
Պահպանելով տարիների ավանդույթները՝ դպրոցը այսօր ստեղծում է նորը, հետաքրքիրը, ժամանակակիցը: Քայլ առ քայլ մեր դպրոցը իր կայուն տեղն է ձեռք բերում կրթության բնագավառում: Առկա ձեռքբերումները, տարբեր մրցույթներում դպրոցի աշակերտության տարած հաղթանակները վերն ասածի ապացույցն է:
Դպրոցի յուրաքանչյուր օրը արարում է և իրագործում է մի պարզ իմաստություն՝ այսօրը կերտում է վաղը, այսօրվա սերմը ապագայի հունդն է և գալիքի բերքը: